ՀՀ ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 124,19 գրամ քաշով թմրանյութերի նմանվող զանգված, 85 բջջային հեռախոս
ՀասարակությունՀայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակում է հետևողական պայքարը ազատազրկված անձանց կողմից թմրանյութերի, բջջային հեռախոսների և այլ արգելված իրերի ապօրինի ձեռք բերման և շրջանառության դեմ։
Քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման և օպերատիվ բաժինների ծառայողներն օրվա տարբեր ժամերին պարբերաբար իրականացնում են խուզարկություններ թմրանյութերի և արգելված իրերի հայտնաբերման ուղղությամբ։
Այսպես՝ 2023 թվականի նոյեմբերի ընթացքում հիմնարկների խցերում, կացարաններում, բնակելի գոտու այլ տարածքներում նախապես պատրաստված թաքստոցներից հայտնաբերվել են ընդհանուր 124,19 գրամ քաշով տարբեր թմրանյութերի նմանվող զանգվածներ, 85 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի 97 պարագաներ, 8 wi-fi սարք, 12 կտրող-ծակող առարկա և այլ արգելված իրեր։
Նշված արգելված իրերն ու թմրանյութերին նմանվող զանգվածները թաքցված են եղել սանհանգույցներում՝ ջրի բաքերի հետնամասերում, կախովի առաստաղների և լվացարանների տակ, ազատազրկված անձանց հագուստներում, ծխախոտի տուփերում, որմնալամպերում և այլ տեղերում։