Միլիարդատերը որոշել է այգեպանին որդեգրել և իր կարողությունը նրան կտակել
ԱյլHermès նորաձեւության տան 80-ամյա ժառանգը որոշել է իր կարողությունը կտակել մարոկկացի այգեպանին եւ նրա ընտանիքին։ Այս մասին գրում է El País-ը։
Շվեյցարաբնակ ֆրանսիացի միլիարդատեր Նիկոլա Պուեշը 2014 թվականին լքել է աշխարհի հնագույն նորաձեւության տներից մեկի տնօրենների խորհրդի կազմը: Այնուամենայնիվ, դեռևս նրան է պատկանում Hermès-ի բաժնետոմսերի 5,7 տոկոսը: Պուեշի անձնական կարողությունը գնահատվում է մոտավորապես 10 միլիարդ եվրո։
Վերջերս հայտնի դարձավ, որ միայնակ ու անզավակ տղամարդն անսպասելիորեն որոշել է փոխել իր վերջին կամքը։ 2011 թվականի կտակի համաձայն՝ նրա կարողությունը պետք է անցներ Իսոկրատ բարեգործական հիմնադրամին։ Սակայն դեկտեմբերի սկզբին շվեյցարական լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ դեռևս 2022 թվականի հոկտեմբերին Պուեշը նամակ է ուղարկել իր փաստաբանին՝ նշելով, որ մտադիր է որդեգրել իր այգեպանին և կարողությունը փոխանցել նրան։
Հավանական նոր միլիարդատիրոջ անունը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ նա 51 տարեկան է, ծագումով Մարոկկոյից է և ամուսնացած է իսպանուհու հետ։ Զույգը երկու երեխա ունի։
Իսոկրատ հիմնադրամը դժգոհել է, որ Պուեշի որոշումը «հանկարծակի էր և միակողմանի»: Բացի այդ, նրանք ասել են, որ հիմնադրամի գործունեությունը՝ ի շահ հասարակության, այժմ «վտանգված է այնպիսի հանգամանքներով, որոնք չեն կարող վերահսկվել»։
Այս պահին կտակը փոխելու գործընթացը չի ավարտվել, և հայտնի չէ, թե կոնկրետ որքան գումար կստանա միլիարդատիրոջ այգեպանը։