Կիպրոսն ու Հայաստանը պետք է պատրաստ լինեն արձագանքելու չնախատեսված մարտահրավերներին. Յորգալաս
Արտաքին ՔաղաքականԿիպրոսն ու Հայաստանը պետք է պատրաստ լինեն արձագանքելու չնախատեսված մարտահրավերներին։ Այդ մասին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Կիպրոսի պաշտպանության նախարար Միխալիս Յորգալասը։ Այս մասին հաղորդում է «Լուրերը»։
«Բացի սովորական և կանխատեսելի սպառնալիքների դեմ պայքարից՝ մեր երկրները պետք է զարգացնեն նոր և չնախատեսված մարտահրավերներին արդյունավետ արձագանքելու իրենց պատրաստականությունը: Մեր երկրների ռազմական համագործակցության ամենամյա ծրագրի իրականացումը մեր պաշտպանությունը և նախարարությունների ու զինված ուժերի միջև ռազմական համագործակցությունն ամրապնդելու պատրաստակամության շոշափելի ապացույց է»,- ասել է Յորգալասը:
Նա նշել է, որ նախարար Պապիկյանին տեղեկացրել է Կիպրոսում և Արևելյան Միջերկրական ծովում անվտանգության իրավիճակի, ինչպես նաև Թուրքիայի հիբրիդային գործողությունների մասին:
Անդրադառնալով վերջերս Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությանը՝ Յորգալասն ընդգծել է, որ այդ նախաձեռնությունը պատմական հնարավորություն է տարածաշրջանում երկար սպասված խաղաղության հասնելու համար՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների, մասնավորապես՝ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգանքի վրա: