Փաշինյանը հույս ունի, որ խաղաղության գործընթացը միտումնավոր չի ձգձգվում
ՔաղաքականԵթե մեր հայրենակիցները Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան ինչ-ինչ պատճառներով, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան Հայաստանի Հանրապետությունում: Այս մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Արտաքին գործերի նախարարությունում կազմակերպված ընդունելությանը:
«Պիտի նաև թերևս բավարարվածությամբ արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ի վիճակի եղավ մեկ շաբաթվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ընդունել ավելի քան 100 000 փախստականների, առանց փախստականների ճամբարներ կամ վրանային ճամբարներ հիմնելու: Բայց մյուս կողմից՝ նաև ուզում եմ մեր այն միջազգային գործընկերներին, ովքեր այս ընթացքում մեզ աջակցել են և պատրաստակամություն հայտնել ու փաստացի շարունակում են իրենց աջակցությունը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել և արձանագրել այդ աջակցության շարունակականության կարևորությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ խաղաղության օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների շարքում: «Սա ակնհայտորեն նշանակում է, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում հաստատված չէ, և այդ օրակարգն իրականացված, իրագործված չէ: Մենք, ինչպես արդեն ասվել է բազմիցս, շարունակում ենք հավատարիմ մնալ խաղաղության օրակարգին արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների շրջանակներում: Հույս ունենք, որ վերջին շրջանում տարածաշրջանում և տարածաշրջանի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները վերջնարդյունքում չեն վկայի այն մասին, որ տեղի է ունենում խաղաղության գործընթացի միտումնավոր ձգձգում: Եթե, իհարկե, այդպիսի տեսակետներն ավելի շատ հիմնավորումներ ստանան, շատ խորը մտահոգությունների առարկա պետք է լինեն: