«Հրապարակ». Փաշինյանը կմասնակցի՞ ԱՊՀ եւ ԵԱՏՄ միջոցառումներին
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրները վստահեցնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի դեկտեմբերի 25, 26-ին ԵԱՏՄ տնտեսական խորհրդի եւ ԱՊՀ ղեկավարների խորհրդի Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստին։ Ինչպես հայտնի է, տեւական ժամանակ է՝ պաշտոնական Երեւանը ցուցադրաբար բոյկոտում է ռուսական հարթակները` ո՛չ ՀՀ արտգործնախարարը, ո՛չ ԱԽ քարտուղարը, ո՛չ ԱԺ նախագահը, առավել եւս՝ վարչապետը, չեն մասնակցում Ռուսաստանի հովանու ներքո տեղի ունեցող քաղաքական հավաքներին։ Որոշել են պահպանել միայն տնտեսական մասնակցությունը եւ կապերը:
Գյումրիում շաբաթ օրը կայացած կուսակցության քաղաքական ժողովում, սակայն, Փաշինյանն ու Արարատ Միրզոյանը դժգոհել են, որ Արեւմուտքը հավուր պատշաճի չի գնահատում իրենց քայլերը, ուստի ժամանակն է ՌԴ-ի հետ փափուկ քաղաքականության անցնել: Դրանով հասկացրել է առաջիկա միջոցառումներին իր մասնակցության մասին։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, թե ՌԴ-ն Հայաստանից ազդակ է ստացել այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների ավանդական ոչ պաշտոնական հանդիպմանը, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական հանդիպմանը»: