ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը․ ԱԺ հանձնաժողովը հաստատեց նախագիծը
ՔաղաքականԱզգային անվտանգության ծառայության տնօրենին ու տեղակալներին կնշանակի և կազատի վարչապետը, այլ ոչ թե նախագահը։ Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում համապատասխան նախագիծը ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը։
««Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետի համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը վարչապետին ենթակա մարմին է, մինչդեռ Ծառայության տնօրենը և տնօրենի տեղակալները ներկայիս կարգավորումների համաձայն՝ պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում են նախագահի կողմից։ Նախագծի շրջանակներում վերանայել ենք գործող կարգավորումներն այնպես, որ նշված անձանց պաշտոնի նշանակումը և պաշտոնից ազատումը իրականացվի վարչապետի կողմից։ Այս պայմաններում հնարավոր կլինի ապահովել արդեն «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխանությունը, ինչպես նաև «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի կարգավորումներին համապատասխանությունը»,- ասաց Հարությունյանը։
Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հաստատեց նախագիծն արտահերթ նիստում ընդգրկելու հարցը։