Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ռեգինա դե Դոմինիկիսի հետ
ՔաղաքականԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Ռեգինա դե Դոմինիկիսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցության, երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև խնամատարության ինստիտուտի զարգացման գործընթացների վերաբերյալ։
Նախարար Մկրտչյանն ընդգծել է կազմակերպության հետ ունեցած սերտ և արդյունավետ համագործակցության կարևորությունը և շեշտել համատեղ իրականացված աշխատանքների արդյունավետությունը հատկապես ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանն ուղղված գործընթացներում։ Նախարարը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամին՝ դժվարին ժամանակներում Հայաստանի կողքին լինելու և ստեղծված խնդիրների լուծման աշխատանքներում ներգրավվելու համար։
Ռեգինա դե Դոմինիկիսը ևս կարևորել է նախարարության հետ համագործակցությունը և նշել, որ սոցիալական պաշտպանության ոլորտում վերջին տարիներին իրականացված հսկայական աշխատանքն ակնհայտ է։ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչը համատեղ ծրագրերի իրականացման պատրաստակամություն է հայտնել՝ վստահություն հայտնելով, որ նախատեսվող անելիքները ևս կշարունակեն իրենց ներդրումն ունենալ ոլորտի զարգացման գործում։