Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
ՀասարակությունԴեկտեմբերի 22-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Դիլիջանի և Տիգրանաշենի ոլորաններում, Վարդենյաց լեռնանցքում, Մարտունի-Վարդենիս, Գնդեվազ-Ջերմուկ, Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Ճանապարհային դեպարտամենտը։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունն էլ տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաք տանող ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Տաթև-Լծեն, Գորիս-Սիսիան, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Փրկարար ծառայությունը նաև հայտնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։