Սեքսապաթոլոգը ցրել է տղամարդկանց անհավատարմության մասին տարածված միֆերը
ԱյլՀակառակ տարածված կարծիքի` տղամարդիկ պոլիգամ չեն, ասել է սեքսապաթոլոգ և հոգեթերապևտ Անդրեյ Բուլախը։ Lenta.ru-ի համար տված մեկնաբանությունում մասնագետը ցրել է տղամարդու դավաճանության մասին ևս մի քանի հայտնի առասպել։
Սեքսապաթոլոգն ասել է, որ պոլիգամիա տերմինն ավելի շատ վերաբերում է մի քանի կին ունեցող տղամարդուն։ Տղամարդկանց համար, ովքեր հաճախ են փոխում զուգընկերներին կամ պարբերաբար դավաճանում են մշտական հարաբերությունների ժամանակ, ավելի հարմար է «պրոմիսկուիտետ» հասկացությունը՝ անառակ սեռական հարաբերությունների հակում:
«Գիտնականներն ապացուցել են, որ մարդկանց մոտ՝ որպես կենսաբանական տեսակ, երկու սեռերն էլ հակված են զուգընկերներ փոխելուն, հակառակ դեպքում՝ բաժանվելուց կամ ամուսնու մահից հետո մարդիկ չէին կարողանա նորից հարաբերությունների մեջ մտնել, այդ թվում՝ ինտիմ: Այսպիսով, և՛ կանայք, և՛ տղամարդիկ կարող են դավաճանել, իսկ զուգընկերոջ հանդեպ հավատարմությունը գիտակցված ընտրություն և պատասխանատվություն է»,– ասել է նա։
Բուլախը նաեւ անհիմն է անվանել այն պնդումը, թե բոլոր տղամարդիկ դավաճանում են։ Նրա կարծիքով՝ դավաճանության հակումը կախված է սեռական կարիքների մակարդակից, այլ ոչ թե սեռից. որքան բարձր է սեռական կոնստիտուցիան, այնքան մեծ է դավաճանության միտումը։ Դավաճանության հակվածության վրա ազդում է նաև դաստիարակությունը, ծնողների օրինակը, շրջապատը և բազմաթիվ այլ սոցիալական գործոններ, պարզաբանել է Lenta.ru-ի զրուցակիցը։
Ամփոփելով՝ սեքսապաթոլոգն ասել է, որ կա այսպես կոչված «դավաճանողի գեն», որը որոշում է ոչ միայն դավաճանելու հակումը, այլև դրսևորվում է վարքագծային հատկանիշներով։ Գիտնականները նման մեկ գեն են հայտնաբերել տղամարդկանց մոտ և երկու՝ կանանց մոտ, եզրափակել է Բուլախը: