Գործնականում սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ–ում․ Փաշինյան
ՔաղաքականՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 թվականին, և դա էլ չէր կարող մեզ համար անցնել առանց հետևանքների: Այս մասին France 24-ի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եվ հետևանքը գործնականում այն է, որ գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Վաղը ի՞նչ կլինի, վաղը կերևա»,– նշել է նա:
Խոսելով ՀՀ–ում ռուսական ռազմաբազայի մասին՝ Փաշինյանն ասել է․ «Բազան Հայաստանում է գտնվում ոչ Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակներում: Դա լրիվ ուրիշ պայմանագրային հարթություն է, և այդ հարթությանը վերադառնալու առիթ չենք ունեցել»: