Մասիսում պարեկները հայտնաբերել են 32-ամյա տղամարդուն, ում գոտկատեղում եղել է ատրճանակ
ՀասարակությունՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտում վերջին ամիսներին հաճախակի են օպերատիվ տեղեկություններ ստացվում իրենց մոտ ապօրինի զենք-զինամթերք պահող անձանց վերաբերյալ, հայտնում է shamshyan.com-ը։
Փետրվարի 21-ին հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվում նշված վաշտում և տեղում վաշտի հրամանատար Արթուր Զիրոյանը, ավագ պարեկ Սարգիս Հովսեփյանն ու Սևադա Բաբայանը ուղևորվում են Մասիս քաղաքի Հանրապետության փողոց, որտեղ հայտնաբերում են ենթադրյալ կասկածյալին։
Պարեկները մոտենում են նրան և ապօրինի զենք պահելու և կրելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա տեղափոխում են ոստիկանության Մասիսի բաժին։
Արդեն ոստիկանությունում նրա գոտկատեղի հետևի հատվածում հայտնաբերվում է ատրճանակ՝ իր պահեստատուփով։ Կասկածյալը, ով Արարատի մարզի բնակիչ 32-ամյա Նվեր Ղ․-ն է հայտնում է, որ ատրճանակը պատկանում է իրեն և ինքը այն գնել է մի քանի տարի առաջ։
Դեպքի փաստով ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին։
Ոստիկանությունը կասկածյալին և հայտնաբերված ատրճանակը ներկայացրել է Մասիսի քննչական բաժին։