Զելենսկին, Փաշինյանն ու Ալիևը Արցախյան հարցում գաղափարակից ընկերներ են․ Արթուր Խաչատրյան
ՔաղաքականԱյսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Հայաստան հավանական այցի վերաբերյալ հարցերին․
«Անկեղծ ասած, չեմ բացառում այդ այցը, որովհետև Զելենսկին, Փաշինյանը, Ալիևը, իրենք գոնե Արցախյան հարցում գաղափարակից ընկերներ են։ Հիշո՞ւմ եք, որ Զելենսկու նախագահության օրոք Կիևում պաստառներ էին կախել՝ «Ղարաբաղն Ադրբեջանն է», Զելենսկին շնորհավորում էր Ալիևին տարածքային ամբողջականության վերականգնման առթիվ, այնպես որ, Փաշինյանը նույն քաղաքականության կրող է, չեմ զարմանա, որ հրավիրած լինի։
Ի՞նչ դա կտա Հայաստանին․ բացարձակապես ոչինչ՝ ռիսկերից և վտանգներից բացի։ Ի՞նչ իմաստ ունի ևս մեկ անգամ գրգռել այն կազմակերպության անդամներին, որոնց դու գոնե ֆորմալ դեռ անդամակցում ես։
Մի բան գիտեմ, որ մարդը, ով հայտարարում է՝ Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի կազմում, նրա մուտքը պետք է արգելվի Հայաստան»,- ասաց Արթուր Խաչատրյանը։
Պատգամավորն իր խոսքում նաև նման տեսակետ հայտնեց ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականության մասին՝
«ՀԱՊԿ-ի գործընկերների հետ Փաշինյանի հարաբերությունները նախանձելի չեն, ՆԱՏՕ-ում էլ իրեն չեն ընդունում, և իրականում ինքը փորձում է սա որպես դիվանագիտական մտքի թռիչք և հանճարեղ ինչ-որ լուծում ներկայացնել, բայց իրականում մնացել է մենակ»,- իր դիտարկումները եզրափակելով՝ համոզմունք հայտնեց Խաչատրյանը։