Պետք է մեկնեմ Բուխարեստ՝ պաշտպանելու պետական շահը, հետո կվերադառնամ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իմ խուց․ Աշոտյան
ՔաղաքականԱյսօր, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում, Վահե Դոլմազյանի նախագահությամբ շարունակվում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստը: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:
«Այս քրեական հետապնդումը որակվել է որպես քաղաքական հետապնդում, քաղաքական գործունեության խոչընդոտում։ Այս ընթացքում խոչընդոտվել են 3 կամ 4 եվրոպական կարևոր հավաքների իմ մասնակցությունը։
Ես՝ որպես 2012 թվականին Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական վեհաժողովի անդամ, ունեմ այդ հնարավորությունը, կապերը, ունակությունը՝ շարունակել ներկայացնել Հայաստանի և հայ ժողովրդի ազգային, պետական շահերը բարձր քաղաքական հարթակներից։ Շատ կարևոր է, որ Հայաստանից հնչի այլընտրանքային կարծիք՝ ազգային և պետական հարցերի շուրջ, Լեռնային Ղարաբաղից սկսած վերջացրած ՀՀ այսօրվա անվտանգային մարտահրավերների, Ադրբեջանի կողմից վարվող անպատիժ մնացած ագրեսիվ քաղաքականության մասին։
Դա այն տեղն է, որտեղ հավաքվելու են Եվրոպայի իշխող ամենաաազդեցիկ մարդիկ, կարևոր է գնալ և խոսել մեր ժողովրդի առաջնային խնդիրներից»,- ասաց Աշոտյանը՝ վստահեցնելով, որ Հայաստան հասնելուն պես «Նուբարաշեն» ՔԿՀ-ի իր խուց կվերադառնա։