Մեղադրանքի հիմքում այն է, որ Ասատուրովը մյուսների հետ թևանցուկ մոտեցել է ոստիկանության աշխատակիցներին․ պաշտպան
ՔաղաքականԵրևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի և Սերգեյ Ասատուրովի գործով նախնական դատալսումները։
Նիստի մեկնարկին Սերգեյ Ասատուրովի պաշտպան Արայիկ Ներսիսյանը միջնորդեց, որպեսզի իր պաշտպանյալի բացակայելու արգելքը վերացվի, քանի որ նա միջազգային կարգի մրցավար է և անհրաժեշտություն է լինում արտերկիր մեկնելու․
«Միջնորդում եմ նաև նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Մեղադրանքի հիմքում այն է, որ Ասատուրովը մյուսների հետ թևանցուկ մոտեցել է ոստիկանության աշխատակիցներին»,- ասաց փաստաբանը։
Սերգեյ Ասատուրովն էլ ասաց, թե ցույցերի ժամանակ թևանցուկ անցնելն արվել է անվտանգության նկատառումներից ելնելով։
Հիշեցնենք՝ 2023թ․ սեպտեմբերի 22-ին Լևոն Քոչարյանին ոստիկանության ծառայողները բերման էին ենթարկել: Նույն օրը հայտնի դարձավ, որ Լ. Քոչարյանը ձերբակալվել է՝ ոստիկանության 4 ծառայողի նկատմամբ իբրև բռնություն գործադրելու համար։ Մեղադրանք է ներկայացվել նաև Սերգեյ Ասատուրովին։