Մենք չենք ասում, որ խաղաղությանը դեմ ենք, բայց այն պետք է ունենա երկկողմանի ընկալում․ Արմեն Ռուստամյան
Քաղաքական«Մենք չենք ասում, որ խաղաղությանը դեմ ենք, բայց այդ խաղաղությունը պետք է ունենա երկկողմանի ընկալում։ Մարդիկ պետք է տեսնեն, որ այս ամեն ինչից ելք կա, այսօրվա իշխանության քարոզչության, վարած քաղաքականության միջոցով անելանելիության վիճակ է ստեղծվել, մենք մի անպաշտպան զանգված ենք, որը ստիպված պետք է բավարարի հարևաններրի պահանջները, պետք է փոխենք մեր պատկերացումները հայրենիքի, պետության մասին, պետք է հռչակագիր փոխենք, հրաժարվենք այն ամենից, ինչը մեր ինքնությունն է բնորոշել, որպեսզի կարողանանք այս տարածքում մեր գոյությունը պաշտպանել։ Մենք ասում ենք՝ սա կործանարար, ինքնաոչնչացման ճանապարհ է, սրա դեմը պետք է առնել համահայկական իսկապես լուրջ ճակատ ձևավորելով»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում այսօր նման համոզմունք է հայտնել ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ըստ նրա՝ ՀՀ այսօրվա իշխանությունները լեգիտիմ չեն․
«Ես վստահ չեմ, որ այն պարզ հաստատումը, որ այս մարդիկ լեգիտիմ չեն, բոլորը հասկացել են։ Հայ ժողովուրդն իրենց ձայն է տվել մի բանի համար, այս մարդիկ բոլորովին այլ բան են իրականացնում»,- ասել է պատգամավորը։