Լավրովը մարտի 1-ին կայցելի Թուրքիա
ԱշխարհՌուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 1-2-ը կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին և բանակցություններ վարելու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մարտի 1-2-ին Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավարը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարի հրավերով կայցելի Թուրքիա՝ մասնակցելու Անաթալիայի դիվանագիտական ֆորումին։ Բանակցություններ կընթանան ՌԴ ԱԳՆ ղեկավարի և նրա միջև։ Այս հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ, առաջին հերթին երկկողմ համագործակցության վիճակը և հեռանկարները», - տեղեկացրել է դիվանագետը։
Զախարովան նշել է, որ հանդիպմանը քննարկվելու են էներգետիկայի, անվտանգության, բանկային և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցությունը։ Նա հավելել է, որ տեղի կունենա մտքերի մանրակրկիտ փոխանակում տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինայի ներկա իրավիճակի, Անդրկովկասի և պաղեստինաիսրայելական հարցերի, ինչպես նաև սիրիական և լիբիական կարգավորման հարցերի շուրջ։ «Բանակցությունների ընթացքում ակնկալվում է նաև մշակել տարբեր մակարդակներով երկկողմ շփումների ժամանակացույց»,- նշել է դիվանագետը։