Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական փաթեթին
ՔաղաքականՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 28-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» եւ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքներում լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Կառավարությունն առաջարկում է սահմանել մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկողության գործառույթներ չունեցող, պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների ատեստավորման համակարգ: Ի տարբերություն ատեստավորման գործող՝ մարտականի համակարգի, այս խմբում ներառված զինծառայողները կհանձնեն միայն կրակային պատրաստության եւ մասնագիտական գիտելիքների թեստերը: Ատեստավորման դրական արդյունքների դեպքում նախատեսվում են վճարվող հավելումներ:
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն եղել:
Պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին՝ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ ատեստավորմանը մասնակցելու նպատակով դիմում է ներկայացրել 5908 զինծառայող, ատեստավորմանը մասնակցել են 5783-ը: Ատեստավորման արդյունքներով գերազանց է ստացել 91, լավ` 583, բավարար՝ 2152 եւ անբավարար՝ 2957 ատեստավորվող: Փետրվարի 29-ին ատեստավորում կանցնի 980 եւ մարտի 4-7-ը՝ եւս 628 զինծառայող:
Հանձնաժողովը հարցին դրական եզրակացություն է տվել: