Քննարկվել են Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությանն առնչվող հարցեր
ՔաղաքականԵրևանյան 32 մանկապարտեզներ ու 6 պոլիկլինիկաներ կհիմնանորոգվեն Երևանի քաղաքապետարանի ու Եվրոպական ներդրումային բանկի գործակցությամբ: Ծրագիրը ներառում է ինչպես շենքերի սեյսմիկ ամրացում, այնպես էլ էներգաարդյունավետ միջոցառումներ:
Համատեղ նախագծերին առնչվող խնդիրներ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի ու բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի հանդիպման ընթացքում:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն առանձնակի կարևորել է միջազգային կառույցների մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում և նշել, որ համայնքը պատրաստ է քննարկել նոր նախագծեր:
Բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան քաղաքապետին համագործակցության մի շարք նոր ծրագրեր է առաջարկել և նշել, որ բանկը պատրաստակամ է ընդլայնել գործակցության բնագավառներն ու օժանդակել Երևանին տարբեր խնդիրների լուծման գործում:
Կողմերն անդրադարձել են նաև մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրին ու տրանսպորտային համակարգի նախաձեռնված բարեփոխումներին: