ՇՕ բժիշկներին կտրամադրվեն պլանշետներ․ կանչերի թերթիկներն այսուհետ կլրացվեն էլեկտրոնային եղանակով
ՀասարակությունԱյսուհետ շտապ և անհետաձգելի բժշկական օգնության կանչի թերթիկները կլրացվեն էլեկտրոնային եղանակով. բջջային նոր հավելվածը հնարավորություն կտա ներբեռնել բուժառուի տվյալները մեկ ընդհանուր համակարգում, հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ բուժանձնակազմին կտրամադրվեն պլանշետներ: Կարգավարը «1-03» հեռախոսահամարին կանչը ստանալով՝ տվյալները էլեկտրոնային եղանակով կփոխանցի սպասարկող խմբին:
«Նոր համակարգով ոչ միայն փոխանցվելու են բուժառուի տվյալները, այլ նաև գրանցվելու է կանչի հրատապությունը, դրանով իսկ բարձրացնելով սպասարկման որակն ու արագ արձագանքման հնարավորությունները:»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հավելվածը հնարավորություն է ընձեռում նաև վճարովի ծառայությունների դեպքում տեղում կատարել գումարի փոխանցումը:
Նոր համակարգը կգործի մարտի 1-ից: