Այսօր Հայաստանի հեռուստատեսության հիմնադիրներից Էլմիրա Հեքեքյանի ծննդյան օրն է
Հասարակություն1928թ փետրվարի 29-ին ծնվել է Հայաստանի հեռուստատեսության հիմնադիրներից, ռեժիսոր Էլմիրա Հեքեքյանը։ Նա իր կեսդարյա գործունեության ընթացքում բեմադրել է բազմաթիվ հեռուստաներկայացումներ, հեղինակել և կյանքի է կոչել մի քանի տասնյակ հեռուստահաղորդաշարեր, որոնք աչքի են ընկել բարձր գեղագիտական մակարդակով և տեխնիկական նորարարություններով։
Տարբեր տարիներին, որպես գլխավոր ռեժիսոր, գլխավորել է 4 խմբագրություն, որոնց ստեղծագործական հիմնադիրն է եղել։
1964 թվականին Էլմիրա Հեքեքյանի նկարահանած «Մինչև 16 տարեկաններին կարելի է» հեռուստաֆիլմը Հայկական հեռուստատեսությանը բերեց առաջին միջազգային դափնիները՝ Մոսկվայի համամիութենական և Պրահայի միջազգային մրցույթներում շահելով 1-ին կարգի դիպլոմներ։
Արվեստի վաստակավոր գործիչ Էլմիրա Հեքեքյանը նաև սցենարիստ էր, թատերական մանկավարժ, Հայրենիքի պաշտպան։