Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
ՀասարակությունՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել Էմիլ Բաղդասարյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Տերյան փողոց): Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ ռեստորանը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝
կառույցի պատերի անջրանցիկ, չներծծվող, լվացվող նյութերից պատրաստված արտաքին շերտը եղել է ոչ բարվոք վիճակում.
արհեստական օդափոխության համակարգը չունի պաշտպանիչ ցանց, ուստի, չի կանխում աղտոտոված օդի ներթափանցումը տարածք.
սառնարանի՝ սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող դարակաշարերը ենթարկված են կոռոզիայի:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։