Հունաստանը բացառել է Ուկրաինա զորքեր ուղարկելը
ԱշխարհՀունաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Յորղոս Գերապետրիտիսը բացառել է երկրի զորքերը Ուկրաինա ուղարկելը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Պատասխանելով Ta Nea-ի լրագրողի հարցին, թե կա՞ արդյոք հավանականություն, որ եվրոպական զորքերը մասնակցեն Ուկրաինայում հակամարտությանը, Հունաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է. «Փարիզում քննարկվել են Կիևին օգնությունն ավելացնելու ուղիները, բայց ուզում եմ պարզաբանել, որ Հունաստանի օրակարգում զորքեր ուղարկելու հարց չկա»։
Փետրվարի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել էր, որ հնարավոր է արևմտյան ցամաքային ուժեր ուղարկել Ուկրաինա։ Նա, սակայն, ընդգծել էր, որ այս հարցում կոնսենսուս դեռ ձեռք չի բերվել։ Քննադատությունների ալիքից հետո նա ասել էր, որ իր հայտարարությունները հավասարակշռված են ու մտածված։