Զիմբաբվեի իշխանություններն ԱՄՆ ՄԶԳ–ի աշխատակիցներին վտարել են երկրից
ԱշխարհԶիմբաբվեի իշխանությունները փետրվարին վտարել են Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (USAID) աշխատակիցներին, որոնց պարտականությունները ներառում էին ժողովրդավարության և կառավարման գնահատումը: Այս մասին ասված է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Անցյալ ամիս Զիմբաբվեի իշխանությունները անսպասելիորեն բռնել և արտաքսել են USAID-ի աշխատակիցներին, ովքեր գնահատում էին Զիմբաբվեի զարգացման և կառավարման իրավիճակը», - ասել է Միլլերը:
Նրա խոսքով՝ առաքելության անձնակազմը ենթարկվել է վատ վերաբերմունքի, հարցաքննության և ահաբեկման: Միլլերը նման գործողություններն անվանել է չարդարացված և աղաղակող։
Նա նշել է, որ նախկինում Զիմբաբվեի իշխանությունների հռետորաբանությունը հիմնված էր միջազգային համագործակցություն սկսելու և ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ցանկության մասին պնդումների վրա։ «Նրա գործողությունները հակասում են այդ հայտարարություններին», - նշել է Միլլերը: