Երևանի փոխքաղաքապետն այցելել է ավտովթարից տուժած քաղաքացիներին
ՀասարակությունԵրևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և հանդիպել օգոստոսի 11-ին Հերացու փողոցում բեռնատարի և հ.36 ավտոբուսային երթուղու բախման հետևանքով տուժած քաղաքացիներին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
Փոխքաղաքապետին տեղեկություններ են ներկայացվել նրանց բուժման ընթացքի մասին: Սարգիս Մադաթյանն անձամբ զրուցել է տուժածների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով և մաղթել շուտափույթ ապաքինում:
Հիշեցնենք՝ երեկ առավոտյան ցորենով բեռնված բեռնատարը բախվել էր թիվ 36 երթուղին սպասարկող ավտոբուսին, այնուհետև կայանած մեկ այլ ավտոմեքենայի և կողաշրջվել։ 18 քաղաքացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: