Փաշինյանն ընդգծել է հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը
ԲլոգոսֆերաՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է ՀՀ 2024 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունը:
Ֆինանսների նախարարության կողմից ներկայացվել են հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ծրագրային ցուցանիշները, ընթացիկ հիմնական արդյունքները, ինչպես նաև 2024թ. առաջին կիսամյակի պետական բյուջեի եկամուտներն ու կապիտալ ծախսերի կատարողականը:
Անդրադարձ է կատարվել, տնտեսական ակտիվությանը նպաստող գործոններին, հարկային եկամուտներին, արտահանման և ներմուծման տեմպերին:
Հաջորդիվ՝ քննարկվել են պետական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումների և վերաբաշխումների վերաբերյալ առաջարկվող նախագծերը, որոնց շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հնչել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Անդրադառնալով պետական բյուջեի եկամուտների, ինչպես նաև կապիտալ ծախսերի կատարման ընթացքին՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ծրագրերի ժամանակին և պատշաճ իրականացումը:
Կառավարության ղեկավարը ընդգծել է նաև հարկային և մաքսային վարչարարության արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը և նշել, որ պետք է շարունակել հետևողական քայլերն այդ ուղղությամբ: