Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանում տեղի է ունեցել երաժշտագետ Գրիգոր Հարությունյանի գրքերի շնորհանդեսը
ՔաղաքականՕգոստոսի 22-ին Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդարանում՝ հանդիսապետությամբ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, տեղի ունեցավ խմբավար, երաժշտագետ, մանկավարժ Գրիգոր Հարությունյանի 3 գրքերի շնորհանդեսը։ Գրքերից 2-ը` «Ստեղծող մանկանց», «Տաղք Տաղավարաց» հոգևոր երգասացությունների մշակումներ են ձայնի և երգչախմբի համար, իսկ մյուսը` «Խմբերգային պարտիտուրի վերադաշնակում», ուսումնական ձեռնարկ է` գրված միջին մասնագիտական և բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատությունների դասընթացի կազմակերպման համար։
Շնորհանդեսը իրենց ներկայությամբ պատվել էին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրեն արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը, Հայաստանի Երաժշտական Ընկերության նախագահ պրոֆեսոր Դավիթ Ղազարյանը, Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնակատար Ծովինար Մովսիսյանը, ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանը, Սայաթ-Նովա աշուղական անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը, ՀԿՄ արտասահմանյան հանձնախմբի համանախագահ Կոնստանտին Պետրոսյանը, երաժշտագետներ, խմբավարներ, կոմպոզիտորներ մտավորականներ։
Երեկոյի ընթացքում մեներգիչների և երգչախմբերի կատարմամբ հնչեցին հայ հոգևոր երգասացությունների մշակումները` կատարված Գրիգոր Հարությունյանի կողմից։