Կրեմլը մանրամասներ է հայտնել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցի մասին
ՀասարակությունՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մշակմանը։ Այս մասին օգոստոսի 23-ին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին, թե որ կողմի նախաձեռնությամբ, չի նշվում։ Հստակեցվում է, որ Պուտինն ու Փաշինյանը շարունակել են քննարկել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը, այդ թվում՝ հաշվի առնելով վերջերս Բաքու կատարած պետական այցի ժամանակ Ռուսաստանի ղեկավարի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
«Ռուսական կողմը հաստատել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցություն ցուցաբերել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղության պայմանագրի մշակման, սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի խթանման, ինչպես նաև տրանսպորտային և նյութատեխնիկական կապերի ապաշրջափակման գործում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի շուրջ և նշել առևտրատնտեսական փոխգործակցության դրական դինամիկան։ Պուտինն ու Փաշինյանը պայմանավորվել են շարունակել շփումները։