74 օր է՝ Սոթքի զորամասի դիրքերում հերթափոխ չի եղել․ Հրապարակ
Հասարակություն«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Վարդենիսի Սոթքի զորամասի դիրքերից շարքային զինծառայողների մի մասն արդեն 74 օր է՝ «չի իջել»։ Մեզ ահազանգած ծնողներից մեկը պատմեց՝ նրանցից մի քանիսին փոխարինել են, մյուսները՝ դեռևս սպասում են, ըստ լուրերի։
Զինվորներին տեղեկացրել են, որ հնարավոր է՝ 40 օր էլ «պոստում մնան», մինչև այդ հարցը լուծվի։ Ծնողը նշեց, որ թեպետ որակյալ սնունդ են տալիս, դրա խնդիրը չկա, բայց, այնուամենյանիվ, ըստ կարգի, 21 օրից ավելի զինծառայողը դիրքում չպետք է մնա։ Այդքան ժամանակ «վերևում» մնալու հետևանքով առողջական խնդիրներ են առաջանում, օրինակ՝ զարկերակային ճնշման տատանումներ են լինում։
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ հերթափոխ չանելու պատճառն այն է, որ փոխարինողներ չկան, և այդպիսի խնդիր ՀՀ այլ զորամասերում ևս կան։
Պաշտպանության նախարարությունից փորձեցինք մեկնաբանության ստանալ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մեզանից գրավոր հարցում պահանջեցին, մենք այն ուղարկել ենք։
Գրավոր հարցման պատասխանը ստանալու դեպքում այն կհրապարակենք։