Մեր և ՌԴ-ի հարաբերություններն իրականում շատ լավ են, գործընկերային են․ Պապոյան
Քաղաքական
Ռուսական կողմի հետ դժվարություններ չեն լինի՝ օրինակ, ցորենի ներմուծման կամ գազի հետ կապված, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում վստահեցրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
Նախարարը պնդեց, որ հնարավոր բացասական սցենարի դեպքում բոլոր մեխանիզմերը մշակված են:
«Ընդհանուր առմամբ, քաղաքական այն փոփոխությունները, որոնք մենք արել ենք վերջին տարիներին, այդ թվում` սահմանի բացումը, ունեցել են դրական ազդեցություններ։ Օրինակ` աշխարհում բենզինի գները 2–3 անգամ բարձրացել են, մինչդեռ Հայաստանում ավելացել է ընդամենը մի քանի տոկոս»,- նշեց նա:
Պապոյանը շեշտեց, որ կառավարությունը դիվերսիֆիկացիա պետք է անի ցորենի ու մյուս ապրանքների դեպքում, որպեսզի որևէ մեկից Հայաստանը կախում չունենա ու կարողանա ազատ մանևրել։
«Մեր և ՌԴ-ի հարաբերություններն իրականում շատ լավ են, գործընկերային են: Առանձին հարցերի շուրջ մամուլում կան որոշակի լարվածությունները, այսպես ձևակերպեմ, ավելի հեռու են այն իրականից, որը կա: Կարծում եմ՝ այնուամենայնիվ, այդ լարվածությունների վերջին օրը կլինի հունիսի 7-ը: Հունիսի 8-ին՝ ժողովրդի հաղթանակից հետո, ամեն ինչ լինելու է իդեալական, և ռուսական կողմն էլ է նշել, որ շատ լավ աշխատելու է մեր հետ: Դրա մասին ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, այնպես որ՝ ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց Էկոնոմիկայի նախարարը:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը