Երևանում մեքենան բախվել է «Հրազդան» մարզադաշտի բազալտե պատնեշին. 28-ամյա վարորդը մահացել է
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունիսի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Ա. Ն.-ն իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Հրազդան» մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր ի դեպ մոտ 25 րոպե առաջին անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պողոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Դավիթ Ալավերդյանի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։


















































Ամենադիտված
Թրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անունները