Նազելի Բաղդասարյանն ավարտում է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում իր աշխատանքը
Քաղաքական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնել է, որ ավարտում է աշխատանքը վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում՝ Ազգային ժողովի պատգամավորի լիազորություններ ստանձնելու կապակցությամբ։
Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ վերջին երեքուկես տարիների ընթացքում աշխատել է վարչապետի աշխատակազմում։ Նրա խոսքով՝ մամուլի քարտուղարի պաշտոնը ստանձնել է երկրի համար բարդ ժամանակահատվածում՝ նպատակ ունենալով ապահովել հանրային հաղորդակցության, թափանցիկության և հաշվետվողականության անհրաժեշտ պայմանները։
Նա շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ վստահության, համատեղ աշխատանքի և ձեռք բերած արժեքավոր փորձի համար, ինչպես նաև պետական կառավարման տարբեր մարմինների գործընկերներին, մամուլի քարտուղարներին և խոսնակներին՝ համագործակցության համար։
Բաղդասարյանը հատուկ շնորհակալություն է հայտնել վարչապետի աշխատակազմի «Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի» վարչության, «Ռազմավարական հաղորդակցության» վարչության և Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի գործընկերներին, ինչպես նաև լրագրողներին և ԶԼՄ ներկայացուցիչներին։
Նա նշել է, որ նախօրեին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ ընտրվել է Ազգային ժողովի Աշխատանքի և բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու։
«Կհանդիպենք Ազգային ժողովում»,- գրել է Նազելի Բաղդասարյանը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն