Դատարանը վերադարձրել է Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Իրավունք
Դատարանը վերադարձրել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, «Միասնության թևեր» կուսակցության անդամ Լիպարիտ Դրմեյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացրած հայցը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» համակարգից։
Դատավոր Ալֆրեդ Վարդանյանը հայցադիմումը վերադարձնելու մի քանի հիմք է նշել։ Մասնավորապես՝ հայցում նշված չի եղել Դրմեյանի հայրանունը և հաշվառման հասցեն։ Բացի այդ, հայցադիմումի և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվել են Նիկոլ Փաշինյանի հաշվառման հասցեով։
Դատարանը նշել է, որ այդ հասցեն չի կարող միաժամանակ համարվել Փաշինյանի փաստացի բնակության և ծանուցման հասցե, հետևաբար հայցում չի նշվել նաև պատասխանողի ծանուցման հասցեն։
Դատարանը նաև ոչ հստակ է գնահատել Դրմեյանի հայցապահանջը։ Դրմեյանը պահանջել էր Փաշինյանին պարտավորեցնել «նույն եղանակով և նույն հանրայնությամբ հրապարակայնորեն հերքել» հայցում նշված մի շարք տեղեկություններ։ Սակայն դատարանի գնահատմամբ՝ այդ ձևակերպումից հստակ չի հասկացվում, թե կոնկրետ որ տեղեկությունների հերքումն է պահանջվում։
Դատարանն ընդգծել է, որ ինքը իրավասու չէ հայցվորի փոխարեն ընտրել կամ ձևակերպել հայցապահանջը։
Հիշեցնենք՝ Լիպարիտ Դրմեյանը դատարան էր դիմել՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու պահանջով։ Հուլիսի 30-ին Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում։ Ակնարկելով Դրմեյանին՝ նա ասել էր, որ Սամվել Կարապետյանի կողմից կառավարվող ՀԷՑ-ը կառավարությունում աղբյուր է ունեցել։


















































Ամենադիտված
«Մարինան նույնպես չկարողացավ հաղթել այդ չարիքին». Իրինա Թովմասյանը ցավալի լուր է հայտնել