Թուրքիան էվակուացրել է Բասրայում իր հյուպատոսարանի աշխատակիցներին
Աշխարհ
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) իսլամիտական կազմակերպության անդամների կողմից Իրաքում տարվող վերջին գործողություններից հետո Թուրքիայի արտգործնախարարությունը էվակուացրել է Բասրայում գտնվող գլխավոր հյուպատոսարանի աշխատակիցներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հաշվի առնելով անվտանգության բացակայության ռիսկերը` Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հանձնարարականով Բասրայի գլխավոր հյուպատոս Թոլգա Օրքունը, նրա երկու օգնականները և անձնակազմի ևս 15 անդամ զրահապատ մեքենաներով տեղափոխվել են Քուվեյթի թուրքական դեսպանություն: Թուրքիայի դիվանագիտական սեկտորի աշխատակիցներից մեկը հայտնել է, որ դեռևս պետությունը հարմար չի գտնում Բասրայից հեռացնել այնտեղ բնակվող բոլոր թուրքերին, սակայն հաշվի առնելով հյուպատոսարանին սպառնացող վտանգներն ու անվտանգության երաշխիքների բացակայությունը, իրենք ստիպված էին անորոշ ժամանակով առկախել հյուպատոսարանի գործունեությունը Բասրայում:
ԻԼԻՊ-ի գրոհայինները հունիսի 11-ին զավթել են Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքում Թուրքիայի հյուպատոսությունը, պատանդ վերցրել գլխավոր հյուպատոս Օզթուրք Յըլմազին և ևս 49 աշխատակիցների, այդ թվում` հյուպատոսությունը պաշտպանող 30 թուրք ոստիկանների: Հունիսի 18-ին հայտնի դարձավ, որ ԻԼԻՊ-ի զինյալները պատանդ են վերցրել ևս 15 թուրքի:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան