Նոր «Բոնդի» ստեղծողները ռեկորդ են սահմանել ոչնչացված մեքենաների արժեքով
Այլ
Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի՝ «007. Սպեկտր»-ի ստեղծողները ռեկորդ են սահմանել նկարահանումների ժամանակ ոչնչացված մեքենաների արժեքով: Այդ մասին The Daily Mail հրատարակությանը պատմել է ֆրանշիզայում իրականացված հնարքների գլխավոր համակարգող Հարի Փաուելը:
«Իտալիայում աշխատելու ընթացքում մենք ջարդել ենք միլիոնավոր ֆունտ արժողությամբ բազմաթիվ ավտոմեքենաներ: Վատիկանում հետապնդումները նկարահանելիս ավտոմեքենաներն ընթանում էին ժամում շուրջ 180 կիլոմետր արագությամբ: Մենք տեսարանը նկարահանել ենք ամբողջ գիշեր, արդյունքում՝ ֆիլմում տեղ է գտել 4 վայրկյան տևողությամբ տեսագրություն»,- նշել է Փաուելը: Ջարդված ավտոմեքենաների ընդհանուր արժեքը կազմել է 22 մլն ֆունտ ստեռլինգ՝ կինոնկարի 200 մլն ֆունտ բյուջեի դեպքում:
Բացի այդ, Ալպերում կատարված նկարահանումների ժամանակ 007 գործակալին հարկ է եղել վարել մի ինքնաթիռ, որը, ըստ սյուժեի, շտեմարանի մեջ է մխրճվում իր մրցակցի մեքենան հետապնդելու ընթացքում, և ավտոմեքենան վերածում այրվող բեկորների: Հատուկ ֆիլմի համար ստեղծվել են նաև ինքնանետվող նստատեղերով տասը Aston Martin DB10 մեքենաներ: Նրանցից յոթը ոչնչացվել են նկարահանումների ընթացքում:
Կինոնկարի համաշխարհային պրեմիերան նշանակված է ընթացիկ տարվա հոկտեմբերի 26-ին. Ռուսաստանում ժապավենը էկրաններին կհայտնվի նոյեմբերի 6-ից:
«007. Սպեկտր»-ը կդառնա չորրորդ ֆիլմը, որտեղ Բոնդի դերը խաղում է բրիտանացի Դենիել Քրեյգը: Ռեժիսոր Սեմ Մենդեսի համար սա բոնդապատումի երկրորդ կինոնկարն է «007.»Սքայֆոլ»-ի կոորդինատները» բլոկբաստերից հետո, որն ամբողջ աշխարհում հավաքել է ավելի քան 1,1 մլրդ դոլար:
Ջեյմս Բոնդի մասին առաջին ֆիլմը՝ «Դոկտոր Նոու»-ն՝ գլխավոր դերում Շոն Քոների մասնակցությամբ, էկրաններին հայտնվել է 1962 թվականին: Տարբեր ժամանակներում բրիտանական հետախուզության հատուկ գործակալի դերը կատարել են Ռոջեր Մուրը, Թիմոթի Դալթոնը, Փիրս Բրոսնանը: 007 գործակալի աղջիկների դերում խաղացել են Սոֆի Մարսոն, Եվա Գրինը և Օլգա Կուրիլենկոն:


















































Ամենադիտված
«Շանգրիլայի» լիցենզիան կչեղարկվի. Գագիկ Ծառուկյանին ունեզրկման գործընթաց է սկսել