Թող ԱԺ-ն որոշի. վարչապետն Էդմոն Մարուքյանի նախագիծն ուղարկեց ԱԺ
Քաղաքական
Այսօր կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածի սանկցիայից հանել տուգանքը՝ որպես պատժատեսակ, և թողնել միայն ազատազրկման ձևով պատիժը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տուգանքը չափազանց մեղմ պատժատեսակ է նման արարքի կատարման համար և չի կարող ապահովել պատժի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված նպատակները:
Նախագծի ընդունմամբ կսահմանափակվի պատիժ նշանակելիս դատական հայեցողության շրջանակը՝ դատարանը պարտադրված կլինի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կիրառել բացառապես ազատազրկում, որոշակի ժամկետով պատժատեսակը նաև այն դեպքերում, երբ որոշի, որ տվյալ դատապարտյալին առավել նպատակահարմար է պատժիչ դաստիարակչական ներգործության ենթարկել՝ առանց վերջինիս հասարակությունից մեկուսացնելու:
Նախագիծը ներկայացնող՝ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն իր բացասական դիրքորոշումն արտահայտեց նախագծի վերաբերյալ՝ շեշտելով, որ նախագիծը քաղաքական շահադրդմամբ է ներկայացված:
Կառավարությունը դեմ է ներկայացված օրենքի նախագծի ընդունմանը: Միաժամանակ նախարարը նշեց, որ ներկայացված օրենքի նախագիծը ՀՀ Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուցմամբ հանդես կգա հենց ինքը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցանկացավ կարծիքներ լսել. Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը նշեց իր կարծիքը. «Կարելի է մեծացնել տուգանքի չափը կամ առնվազն նախատեսել այնպիսի դեպքեր, որոնց բացակայության դեպքում կարելի կլինի տուգանքը կիրառել»:
Իր կարծիքը հայտնեց նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը. «Ես կարծում եմ՝ պետք է վստահել դատարանին, հնարավորություն ընձեռելով անհատականացնել պատիժը: Կան բազմաթիվ դեպքեր, որ շատ ծանր է հանցագործությունը կամ հակառակը՝ այդքան ծանր չէ: Պատահական չէ, որ մենք տուգանքը որպես քրեական հանցագործության համար պատժատեսակ սահմանել ենք: Ինձ թվում է՝ սա շատ արհեստական ու կոշտ է և քաղաքական կոնյուկտուրայից ելնելով առաջարկություն է արված: Այս կերպ մենք իսպառ վերացնում ենք դատարանի դերակատարումը: Ինչի չգիտե՞նք, որ գյուղերում լինում են դեպքեր, երբ ամուսինը կնոջ անձնագրով գալիս է քվեարկության, ազատազրկե՞նք: Ինձ թվում է սա իրավական առումով սխալ է»:
Հովիկ Աբրահամյանը ևս իր տեսակետը հայտնեց՝ նշելով ինքն ուսումնասիրել է նախագիծը, իրեն մասնագետները զեկուցել են, որ, օրինակ, Գերմանիայում և Շվեյցարիայում գործում է և՛ տուգանքը, և՛ ազատազրկումը. «Քանի որ մենք՝ իշխանություններս, մեր քաղաքական թիմը խնդիր ենք դրել մեր առջև էապես բարձրացնել հանրային վստահությունն ընտրությունների նկատմամբ, ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ մենք տանք համաձայնություն, և թող ԱԺ-ն որոշի: Ես գտնում եմ, որ իրավական առումով ճիշտ չէ, բայց քաղաքական առումով ընդունենք, որպեսզի զերծ մնանք ոչ օբյեկտիվ քննադատություններից և մեր քաղաքացիներին բացատրենք, որ նման խախտումների չգնան»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը