Փոստանջյանը բացահայտել է Արցախի անկախության ճանաչման օրինագիծը ներկայացնելու դրդապատճառը
Քաղաքական
«Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագծի համահեղինակ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ նախագծի վերաբերյալ ժամանակի ընթացքում խորհրդարանն իր վերաբերմունքը ցույց կտա:
Կառավարությունում լրագրողների հետ զրույցում Փոստանջյանը կարծիք հայտնեց, որ Արցախի Հանրապետության ճանաչմամբ աշխարհում կդառնանք քաղաքական գործոն: Պատգամավորի խոսքով՝ Արցախի Հանրապետության ճանաչումը միանշանակ կանխարգելելու է նոր խնդիրները:
«Տեղի ունեեցավ ագրեսիա, ագրեսիան համապատասխան ձևով չդատապարտվեց, և մենք պարտավոր ենք ճանաչել Արցախի Հանրապետությունը, այլընտրանք չունենք»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Զարուհի Փոստանջյանը:
Հարցին՝ Արցախի Հանրապետության ճանաչմամբ նոր ագրեսիա չի՞ հրահրվի, ԱԺ պատգամավորը պատասխանեց, որ ագրեսիան դրանով պայմանավորված չէ: «Ապրիլյան իրադարձությունները մեզ ապացույց են, որ ագրեսիան այդ պետության կողմից բացարձակ օրակարգից դուրս չէ, այլ հակառակը, նրա օրակարգի բաղկացուցիչ մասն է: Բացի այն, որ նրանք ագրեսիա բանեցնող են, նրանք մարդկության դեմ կատարեցին հանցագործություններ: Ինչպես 100 տարի առաջ, ինչպես 25 տարի առաջ այդ հանցագործությունը չի դատապարտվել, դրա հետևանքն էին նաև այս ապրիլյան պատերազմական գործողությունները: Մենք հույսներս պետք է դնենք մեզ վրա»,- նկատեց նա:
Դիտարկմանը՝ արդյոք Արցախի անկախությունը ճանաչելը բանակցությունների ավարտ չէ, Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Եթե ագրեսիա է կիրառվում, եթե մարդկության դեմ տեղի են ունենում հանցագործություններ, ապա խոսել բանակցություններից, ուղղակի ծաղր է ողջ մարդկության նկատմամբ: Բանակցություններ կարող են լինել, մեկը մյուսին չի խանգարում»:
ՀՀ կառավարությունը մայիսի 5-ին հավանություն է տվել Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի և Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության նախագծին:


















































Ամենադիտված
Դիլիջանի ոլորանները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար