Կայացած հիմնարկի չհիմնավորված լուծարումը
Հասարակություն
«Հատուկ պոլիկլինիկա»-ի գրեթե բոլոր աշխատողները ծանուցում են ստացել, որ պոլիկլինիկայի աշխատանքը կշարունակվի մինչև նոյեմբերի 25-ը, որից հետո 99 աշխատող կդառնա գործազուրկ: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հատուկ պոլիկլինիկա» ՓԲԸ-ի (նախկինում՝ «ՀՀ Առողջապահության Նախարարության Ուսանողական պոլիկլինիկա») աշխատակից Անահիտ Վանցյանը:
Պոլիկլինիկայի աշխատակազմը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել պոլիկլինիկայի լուծարման վերաբերյալ, այն որակելով «Կայացած հիմնարկի չհիմնավորված լուծարում»:
«Ոչ մի առաջարկ, հանդիպում չի եղել մեր հիմնադիրի հետ: Մեր հիմանական գործառույթը կատարվում է, բուժզննումներն իրականացնում ենք: Երևի թե այսպես ձգձգվեց, որեսզի բուժզննումը կատարվի: Վերջին պահին էլ ուզում են աշխատեցնել մեզ, երբ բուժզննումը կանենք, խմբերն էլ կորոշենք, այլևս բան չի մնա իրենց անելու, ոչ մի անհարմարություն չի առաջանա, դրանից հետո իրենց արածը կանեն: Մինչև հաջորդ սեպտեմբեր էլ մի բան կմտածեն: Մենք իրենց պետք չենք և վերջ՝ մեզ դուրս կշպրտեն այստեղից», - ասաց Վանցյանը:
Նրա խոսքով՝ նախարարության ներկայացրած մեխանիզմն, ըստ որի, ուսանողները պետք է սպասարկվեին թվով ութ պոլիկլինիկայում, չաշխատեց, ուստի ժամանակ են ձգում. «ԵՊՀ-ն և Պոլիտեխնիկը, որոնք հրաժարվել էին մեր սպասարկումից՝ տեսնելով, որ այդ պոլիկլինիկաներում աշխատանքը գլուխ չի գալիս, իրենց ուսանողներին նորից մեզ մոտ են ուղարկում»,- նշեց նա:
Պոլիկլինիկայի աշխատակիցների կարծիքով՝ վարչապետին սխալ են իրազեկել իրենց գործառույթների մասին, որի հետևանքով սխալ որոշում է կայացվել:
«Ոչ մեկին որևէ առաջարկություն չի արվել: Արհամարհված, անտեսված, մերժված կարգավիճակում ենք: 99 հոգով համալրում ենք գործազուրկների շարքերը»,- իր հուսահատությունն արտահայտեց Վանցյանը:
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը