Ֆեյքերի պատճառով ամենատուժածը ես եմ. Էդմոն Մարուքյան
Քաղաքական
«Ֆեյքերի պատճառով ամենատուժած կուսակցությունը մեր կուսակցությունն է, ես եմ»-հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով սոցիալական ցանցերում հատուկ նպատակներով կեղծ էջերի շատացմանը: Պատգամավորը նշեց` դրանց դեմ պայքարը գրեթե անհնար է: ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե` ըստ նրա, որքանով են ֆեյքերը մարդկանց կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունենում, Մարուքյանը պատասխանեց.
«Շատ ուժեղ, շատ ընտիր ազդեցություն են ունենում: Պատկերացրեք, ես հիմա հարցազրույց եմ տալիս և հրապարակելուց շատ կարճ ժամանակ անց, մեծ թվով «չհավանողներ» են լինում, բայց հարցազրույցի մեջ որևէ սուր հնչեղությամբ միտք չկա, պարզապես մարդիկ նստած իրենց գործն են անում: Մի քանի ամիս առաջ, ֆեյքերի` մեր դեմ իրականացվող գործառույթ կար, որը մինչ այդ չկար, որոշ ժամանակ անց կարող է նորից լինել: Դա իսկապես ազդում է մարդկանց մտածելակերպի վրա, որովհետև գուցե իմ ելույթի տակ մոտ 50 հայհոյանք լինի և, օրինակ` գյուղում իր համակարգչի դիմաց նստած որևէ մեկը մտածի, որ ուրեմն Մարուքյանը շատ վատ մարդ է, որ այսքան մարդ նրա մասին վատ բաներ է գրում»,-ասաց պատգամավորը:
Հարցին, թե արդյո՞ք ֆեյքերի հեղինակները քաղաքական ուժեր են, Մարուքյանը պատասխանեց. «Քաղաքական ուժերի ինչ-որ խմբերի, որոնք կոնկրետ քարոզչություն են իրականացնում: Օրինակ` խորհրդարանում կա երեք ուժ, բազմաթիվ ուժեր կան, որ մնացել են խորհրդարանից դուրս և շահ են հետապնդում, որպեսզի խորհրդարանը դելեգիտիմացնեն: Մեդիա ոլորտում իրենց հնարավոր միջոցներով փորձում են խորհրդարանում եղած մարդկանց իմիջը փչացնել, ասելով, թե այս մարդը ծախված է, տականք է, ստախոս է և այլն: Ինչ-որ պահի, երբ կեղծ էջերին հաջողվում է և փչանում է որևէ մեկի իմիջը, մարդիկ սկսում են այլևս չվստահել այդ մարդուն»-նկատեց Մարուքյանը:
ԼՈւՐԵՐ.com-ի հարցին, թե արդյո՞ք թեկուզ պաշտպանվելու և իր վերաբերյալ շրջանառվող կեղծիքներում հակառակը պնդելու նպատակով, երբևէ կդիմի՞ սեփական ֆեյք էջեր ունենալու տարբերակին, Էդմոն Մարուքյանն արձագանքեց. «Շատ կարևոր հարց է, բայց դա տեսակի խնդիր է, և մեր տեսակն այդպիսին չի: Մենք մեր դեմքերով ամեն օր խոսում ենք, մեզ այլ դեմքեր պետք չեն, որ կեղծ դեմքերով քարոզներ անենք: Երբ մեզ կեղծ դեմքերով մի բան են ասում, մենք մեր դեմքերով պատասխանում ենք»,- եզրափակեց նա։
Սիլվի ՏԻԳՐԱՆՅԱՆ


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան