Հարկավոր է առայժմ դադարեցնել թանկարժեք ծանր ռազմատեխնիկայի գնումները․ Արմեն Այվազյան
Բլոգոսֆերա
«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«ՌԱԶՄԱՏԵՍԱԿԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ (—ՀԱՐՁԱԿՈՂԱԿԱՆ) ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Մշտապես զննելով համաշխարհային ռազմական և ռազմատեխնիկական զարգացումները, գալիս եմ հետևյալ եզրակացության. Հայաստանի պաշտպանական (—հարձակողական) հայեցակարգը մի շարք կարևոր հարցերում շտապ վերանայման կարիք ունի։
Մասնավորապես, իմ կարծիքով, հարկավոր է առայժմ դադարեցնել թանկարժեք ծանր ռազմատեխնիկայի գնումները, որովհետև այն, ինչ մեր բանակն արդեն իսկ ունի, բոլորովին քիչ չէ։ Փոքր-ինչ հնացած զինատեսակները (օրինակ, տանկերը) պետք է ընդամենն արդիականացնել, որը թեև ինքնին մեծ ծախսեր է նախատեսում, բայց նորը գնելուց զգալիորեն էժան է։
Մեր սուղ ռազմական բյուջեն պետք է տրամադրվի մեծ քանակությամբ սակավագին, զանգվածաբար արտադրվող նորագույն զինատեսակներ հայթայթելու (ցանկալի է՝ արտադրելու) վրա։ Նկատի ունենալով Ադրբեջանի (ինչպես նաև նրան ամեն ինչով աջակցող Թուրքիայի) օդային հետախուզության կտրուկ աճած կարողություններն ու հրթիռահրետանային և օդային առաջին հարվածը մեզ հասցնելու լուրջ հավանականությունը, մեր այդ զինատեսակները պետք է ունենան հեշտությամբ տեղաշարժվելու, դյուրությամբ քողարկվելու և արագորեն կիրառության մեջ դրվելու անհրաժեշտ առանձնահատկությունը։ Խոսքս վերաբերում է թևավոր հրթիռներին, բոլոր տեսակի մարտական դրոններին, հակատանկային և հակաօդային դյուրակիր նորագույն համակարգերին, ինչպես նաև ականապատման միջոցներին, որոնցով պետք է մինչև ատամները զինել մեր զորքերը։
Այս ամենին գումարել է պետք մարտունակ պահեստազորի պատրաստումը և սեփական ռազմարդյունաբերության առաջանցիկ զարգացումը։ Այսքանը՝ պաշտպանական ռազմավարության մասին։ Հարձակողականի մասին՝ լռում եմ»,-գրել է նա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն