«Վարչապետի հետ չեմ հանդիպել, պաշտոնական նամակ կգրեմ». ինչու են ուզում ազատվել Մեսրոպ Մանուկյանից
Քաղաքական
Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ որոշում է կայացվել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմից հեռացնել Մեսրոպ Մանուկյանին։ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Մեսրոպ Մանուկյանը տարածված լուրերն այսպես մեկնաբանեց․ «Ինձ պաշտոնապես ոչ ոք, ոչինչ չի ասել։ Ես այսօր առավոտյան լրատվամիջոցից եմ իմացել այդ մասին։ Կփորձեմ ճշտել՝ կա՞ նման բան, թե ոչ։ Քանի որ անհասկանալի իրավիճակում ենք ապրում, դրա համար ես պաշտոնապես նամակ կգրեմ, երբ պաշտոնական պատասխան ստանամ՝ նոր կորոշեմ անելիքս»,- ասաց նա։
Հետաքրքրվեցինք՝ արդյոք հիմքեր կա՞ն իրեն՝ հոգաբարձուների խորհրդի կազմից հեռացնելու համար՝ ի պատասխան Մանուկյանը բացասական պատասխան տվեց․ «Գիտեմ, որ դրա համար հիմքեր չկան։ Առավելևս, որ ես երբեք ոչ մի նիստից չեմ բացակայել, պարտաճանաչ կերպով իմ բոլոր գործառույթներն իրականացրել եմ»,- նշեց Մանուկյանը։
Արդյոք կապ տեսնո՞ւմ է այս որոշման և որոշ ժամանակ առաջ կառավարության դիմաց սևազգեստ մայրերի կողմից իրականացվող բողոքի ակցիաների, ինչպես նաև իր կողմից՝ հիմնադրամից 600 մլն դրամի կորուստը բացահայտելու միջև։ Արդյոք այս իրադարձություններով է պայմանավորված իրենից ազատվելու որոշումը՝ Մանուկյանը պատասխանեց․ «Ես չեմ կազմակերպել ցույցերը, պարզապես, իմ գործառույթները կապված են զոհված զինծառայողների ընտանիքների հետ։ Հիմնադրամի աշխատանքները միտված են այդ ընտանիքների սոցիալական խնդրի լուծմանը»,- ասաց նա։
Թեև լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Մանուկյանը հաստատել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տետատետ հանդիպելու մասին տեղեկությունները, սակայն մեր հարցին ի պատասխան՝ ասաց․ «Ես իր հետ չեմ հանդիպել։ Կլինի՞ նամակը գրեմ, վերջացնեմ, ավելի ուշ մեկնաբանություն տամ»,- նշեց Մանուկյանը՝ հրաժարվելով այլ մեկնաբանություններ տալուց, մինչև կպարզի ինքը, իսկապես, հեռացվել է հիմնադրամից, թե ոչ։
Հիշեցնենք, որ պատկան մարմինները, դեռևս չեն բացատրել, թե ո՞ւր են անհետացել յուրաքանչյուր անձի աշխատավարձից ամսական պահվող 1000-ական դրամները, որոնց ընդհանուր թիվը կազմում է 648 մլն դրամ։
Սոնա Հարությունյան


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն