«Փաստ». Կորոնավիրուսը չի խանգարի Արցախի քարոզարշավին
Հայկական Մամուլ«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին հայտնի դարձավ, որ Հայաստանում արդեն արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության դեպք, ինչը հասարակության մոտ առաջացրել է որոշակի տագնապային իրավիճակ. ներկայումս իշխանությունների կողմից համապատասխան միջոցառումներ են իրականացվում՝ համաճարակային իրավիճակից խուսափելու համար եւ ընթացքը վերահսկելի դարձնելու ուղղությամբ։
Կորոնավիրուսի՝ Հայաստան ներթափանցման մասին տեղեկատվությունը հրապարակվելուց հետո Արցախում նույնպես ուժեղացված միջոցառումներ են իրականացվում:
Այստեղ եւս խնդրահարույց է վիրուսի ի հայտ գալու հանգամանքը, քանի որ, ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում քարոզարշավի ժամանակահատված է, զանգվածային միջոցառումներ ու հանդիպումներ են իրականացվում, որոնք վիրուսի հնարավոր տարածման առումով լրացուցիչ խնդիրներ ու լարվածություն են առաջացնում:
«Փաստ» թերթի՝ Արցախի աղբյուրների փոխանցմամբ, նախընտրական քարոզարշավն ու ընտրություններն, այնուամենայնիվ, չեն հետաձգվի, սակայն ընտրություններին մասնակից ուժերն ու թեկնածուները ազգաբնակչության հետ հանդիպումների դեպքում խնդիրներ են ունենալու մարդկանց մասնակցության առումով»: