Սնանկության դատարանում բոլորն անհանգիստ են․ «Ժողովուրդ»
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել Սնանկության դատարանի դատավորների շուրջ տեղի ունեցող գործընթացներից: Ինչպես հայտնի է, հուլիսի 20-ին կալանավորվեց Սնանկության դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանը, կալանավորելու միջնորդություն էր ներկայացվել նաեւ մեկ այլ դատավորի՝ Արա Կուբանյանի նկատմամբ, որը, սակայն, մերժվեց: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատական համակարգում եւ հատկապես Սնանկության դատարանում բոլորն անհանգիստ են:
Բանն այն է, որ Սնանկության դատարանում տեղի ունեցած աղմկահարույց բացահայտումներից հետո պարզ է դարձել, որ տեղի է ունեցել ներքին դիտում, այսինքն՝ աշխատասենյակներում տեսախցիկներ են տեղադրված եղել, եւ այդկերպ են հետեւել դատավորների խոսակցություններին ու տեղաշարժերին: Եվ հենց դրանից հետո է, որ դատական համակարգում դատավորներն արդեն սկսել են միջանցքներում խոսել, քանի որ վախենում են, թե իրենց էլ կարող են հսկել, տեսախցիկներ տեղադրել, եւ նրանք շունչները պահած սպասում են, թե ով կարող է լինել հաջորդ «զոհը»: Հիշեցնենք, որ Արա Կուբանյանը մեղադրվում է պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու կամ ծառայողական պարտականությունները չկատարելու համար, իսկ Նարինյանը՝ 4 հոդվածով, եւ երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները»: