«Փաստ». Վարչապետը կշտամբել է Սինանյանին
Հայկական Մամուլ«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի տասը աշխատակցի:
Ըստ տեղեկությունների, անկախ կոնկրետ այս ազատումների պատճառներից, ընդհանուր առմամբ վարչապետի համբերության բաժակը լցվել է գրասենյակի անարդյունավետ գործունեության հետ կապված: Մասնավորաբար, սահմանում ադրբեջանական սադրանքներից ու ագրեսիայից հետո հայաշատ երկրներում հայ-ադրբեջանական բախումների օրերին սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի գրասենյակը բավականի պասիվ էր, իսկ ինքը՝ հանձնակատար Զարեհ Սինանյանը, կարծես թե, ընդհատակ էր անցել։
Թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ, օրերս Նիկոլ Փաշինյանը բավականին կոշտ խոսակցություն է ունեցել Զարեհ Սինանյանի հետ՝ կշտամբելով, որ նա ամբողջովին ձախողել է Սփյուռքի հետ տարվող քաղաքականությունը, քանի որ ներկայումս բավական փխրուն իրավիճակ է ստեղծվել հայրենիք-Սփյուռք հարաբերություններում։
Խոսակցության վերջում հանձնակատարին Փաշինյանը հանձնարարել է շատ կարճ ժամանակում հասկանալ Սփյուռքի տարբեր շրջանակների ընդհանուր տրամադրությունը եւ ողջ իրավիճակն ամենայն մանրամասնությամբ անձամբ զեկուցել իրեն»: