Կապիկի ծաղիկի դեպքերի թիվն աշխարհում գերազանցում է 46 հազարը. Reuters
ԱշխարհԱշխարհի ավելի քան 90 երկիր, որտեղ կապիկի ծաղիկը համարվում է ոչ էնդեմիկ, հայտնել է հիվանդության դեպքերի գրանցման մասին։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Ողջ աշխարհում կապիկի ծաղիկի հաստատված դեպքերի թիվն արդեն գերազանցում է 46 հազար 300-ը։ Շատ երկրներ, ինչպիսիք են Կուբան, Էկվադորը, Հնդկաստանը, Բրազիլիան, հայտնել են մահվան առաջին դեպքերի մասին։
Կապիկի ծաղիկը կենդանիներից մարդկանց փոխանցվող հիվանդություն է, որի ախտանշանները նման են մարդու ծաղիկ վիրուսային հիվանդության ախտանշաններին, սակայն ի տարբերություն վերջինիս՝ կապիկի ծաղիկ հիվանդության ընթացքն ավելի թեթև է ընթանում: Հիվանդության ախտանիշները ներառում են ջերմություն, գլխացավ, մկանային ցավ, մեջքի ցավ, այտուցված ավշային հանգույցներ, դող և հոգնածություն, ուժեղ արտահայտված ցան, որը կարող է անհարմար ու ցավոտ լինել: Հիվանդության ինկուբացիոն շրջանը սովորաբար 6-13 օր է, սակայն որոշ դեպքերում կարող է 5-21 օր տևել: Կապիկի ծաղիկը համարվում է ինքնուրույն բուժվող հիվանդություն, որի ախտանիշներն անցնում են 2-4 շաբաթվա ընթացքում:
Հիվանդությունն առաջին անգամ հայտնաբերվել է կապիկների մոտ 1958 թվականին: Միայն 1970 թվականին հիվանդությունը հայտնաբերվեց մարդու մոտ. վարակը հաստատվել էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում՝ մանկահասակ երեխայի մոտ:
Կապիկի ծաղիկը մարդկանց միջև փոխանցվում է սերտ շփման միջոցով՝ շնչառական կաթիլների, կենսաբանական հեղուկների կամ ախտահարված հյուսվածքների հետ շփման հետևանքով։