Պակիստանում մուսոնային անձրևների ու հեղեղումների հետևանքով տուժել է 33 մլն մարդ
ԱշխարհՄուսոնային անձրևների ու հեղեղների պատճառով Պակիստանում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տուժել է ավելի քան 30 միլիոն մարդ, որը կազմում է այդ երկրի բնակչության 15 տոկոսը։ Ավելի քան 900 մարդ մահացել է։ Այս մասին Reuters-ին հայտնել է Պակիստանի կլիմայական փոփոխությունների նախարար Շերի Ռեհմանը։
Պակիստանի իշխանություններն արդեն իսկ կոչ են արել միջազգային հանրությանն աջակցել իրենց հեղեղումների հետևանքների վերացման աշխատանքներում։
«33 մլն մարդ տուժել է, անտուն մնացած մարդկանց վերջնական թիվը հստակեցվում է․․․ Պակիստանի հարավը գրեթե ամբողջությամբ ջրի տակ է, մարդիկ տեղափոխվում են ավելի բարձրադիր վայրեր»,- ասել է Ռեհմանը։ Նա ընդգծել է հրատապ կերպով ՄԱԿ-ին դիմելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ հարցը չի վերաբերում միայն մեկ երկրի կամ նահանգի, այլ համարվում է կլիմայական փոփոխություններով պայմանավորված աղետ։