Ջրաշենի բնակիչը կզաքիս ու արգելված թռչնատեսակ՝ դաշտային մկնաճուռակ էր որսացել (տեսանյութ)
ՏեսանյութերՍեպտեմբերի լույս 28-ի գիշերը ոստիկանության Արագածի բաժնի ծառայողները հերթական գիշերային շրջայցն էին իրականացնում բաժնի սպասարկման տարածքում։
Ոստիկանությունից հայտնում են, որ Լեռնապար գյուղում նրանք ստուգել են Լոռու մարզի Ջրաշեն գյուղում բնակվող 43-ամյա մի տղամարդու վարած մեքենան։ 28-ամյա ուղևորը մեքենայի սրահից ներկայացրել է համապատասխան փաստաթղթով երկփողանի որսորդական հրացան: Նրանց «Մերսեդեսի» բեռնախցիկում էլ կզաքիս և վայրի թռչուն՝ դաշտային մկնաճուռակ կար։
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ թռչնի այդ տեսակի որսը Հայաստանում արգելված է։ Ուղևորը հայտնել է, որ և՛ կզաքիսը, և՛ թռչունը որսացել է Լեռնապար գյուղի դաշտերում։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն։