Վեհափառը հանդիպել է դպրոցականներին և հորդորել լավ սովորել, սիրել հայրենիքը և մայրենի լեզուն
ՀասարակությունՄայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Երևանի Լևոն Միրիջանյանի անվան թիվ 155 դպրոցի աշակերտներին։
Հանդիպման սկզբում դպրոցականները հայրենասիրական բանաստեղծությունների կատարումներով հաճելի անակնկալ մատուցեցին Հայոց Հայրապետին։
Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրական սերն ու օրհնությունը բերելով աշակերտներին՝ իր գնահատանքը բերեց դպրոցի մանկավարժներին ու տնօրինությանը հայորդիներին հայեցի դաստիարակություն և կրթություն ապահովելու, հայրենիքի ու ազգային արժեքների հանդեպ սիրո բարձր գիտակցություն սերմանելու համար։
Ամենայն Հայոց Հայրապետը հորդորեց դպրոցականներին լավ սովորել, սիրել հայրենիքը և մայրենի լեզուն, որպեսզի դառնան հայ ժողովրդի ու Հայաստան աշխարհի արժանի զավակները։