Ռուս խաղաղապահների միջնորդությամբ ՀՀ տեղափոխվող անձանց առևանգումը դատապարտելի և անթույլատրելի է. ՀՀ ՄԻՊ
ՀասարակությունՌուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստան տեղափոխվող 22-ամյա ուսանողին Լաչինի միջանցքում գտնվող ապօրինի անցակետից Ադրբեջանի կողմից առևանգելու մասին տեղեկություն ստանալուց հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում դեպքի առնչությամբ սկսվել են ուսումնասիրություններ, Մարդու իրավունքների պաշտպանն անմիջապես կապ է հաստատել իրավասու մարմինների գործընկերների հետ։
ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ քննարկվել են նաև անցակետում համանման այլ միջադեպերի հետ կապված հարցերը։ Արդյունքները հրատապության կարգով կամփոփվեն և գրություններ կուղարկվեն մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային հեղինակավոր կազմակերպություններին։
«Միջազգային դերակատարների, այդ թվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ Հայաստան տեղափոխվող անձանց` Ադրբեջանի կողմից առևանգումը դատապարտելի և անթույլատրելի է։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ տվյալ դեպքում գործ ունենք ադրբեջանական իշխանությունների կողմից մարդու իրավունքների կոպտագույն խախտումների հետ՝ նկատի ունենալով այն, որ չեն պահպանվում մարդու հիմնարար իրավունքներին միջամտության առնչությամբ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում համընդհանուր ճանաչում ունեցող միջազգային-իրավական երաշխիքներն ու չափանիշները»,- նշում են ՄԻՊ աշխատակազմից։