ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը հանդիպում է ունեցել Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակության հետ
ՀասարակությունՕգոստոսի 27-ից 31-ը Հայաստանի Հանրապետությունում է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությունը, որը գլխավորում է քոլեջի հրամանատար գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինկհ Դահիյան: Պատվիրակությունը կազմված է Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Նիգերիայի, Մոնղոլիայի և Շրի Լանկայի բարձրաստիճան զինվորական և քաղաքացիական ներկայացուցիչներից:
ՊՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակում` օգոստոսի 28-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում պատվիրակությունը հանդիպել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի և այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Ավելի ուշ պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՀՀ ՊՆ ՊՔ և ՄՀ վարչության պետ Լևոն Այվազյանի հետ, ինչպես նաև այցելել է ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասում տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի պաշտպանական քաղաքականությանը, զինված ուժերի բարեփոխմանը, ռազմական կրթությանը և ռազմական գիտությանն առնչվող հարցերի շրջանակ:
Այցի ընթացքում նախատեսվում է նաև պատվիրակության հանդիպումը ՀՀ պաշտպանության նախարարի հետ: