Վեհափառի նախագահությամբ Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է հրավիրել
ՀայաստանՕգոստոսի 28-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ընդլայնված կազմով:
Ժողովը բացվեց Տերունական աղոթքով, ապա Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին ողջունեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իր օրհնությունն ու բարեմաղթանքները բերելով ժողովականներին:
Ժողովին կքննարկվեն Հայաստանում և Արցախում ստեղծված կացության, Սրբալույս մյուռոնի օրհնության, եպիսկոպոսական ձեռնադրության և Մայր Տաճարի վերանորոգման ընթացքին առնչվող հարցեր։
Քննարկման առարկա կդառնան նաև եկեղեցա-վարչական և Եկեղեցու առաքելության արդյունավորման վերաբերյալ այլ հարցեր:
Հընթացս ժողովի՝ Գերագույն հոգևոր խորհուրդը, տեղեկանալով Բերձորի միջանցքում հայ երիտասարդների առևանգման մասին, խստորեն դատապարտեց ադրբեջանական իշխանությունների կազմակերպած հերթական բռնությունն ու սադրիչ գործողությունը, ինչը շարունակվող թշնամական դրսևորումն է Ադրբեջանի հակահայկական քաղաքականության։